Հայաստանը շահագրգռված է աշխատել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կրթական նախագծերի շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում հրավիրված «Եվրոպական կրթություն Եվրասիական Հայաստանո՞ւմ» թեմայով քննարկմանը նման հայտարարություն արեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Այս պահի դրությամբ առանձին կրթական նախագիծ Եվրասիական տարածքում գոյություն չունի: Սակայն մենք պատրաստ են ներգրավվել նման նախագծերի մշակման մեջ՝ հաշվի առնելով այն փորձը և գիտելիքները, որ Հայաստանը կուտակել է Եվրոպական կրթական տարածքի հետ աշխատելով: Այդ նախագծերը, մեր համոզմամբ, չպետք է հակասեն Եվրոպական բարձրագույն տարածքի սկզբունքներին»,- ասաց նախարարը:

 

 

Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրում կրթությանն առնչվող դրույթները ենթադրում են, որ ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են ավտոմատ կերպով ճանաչել կրթության բոլոր որակավորումները և փաստաթղթերը՝ բացառությամբ իրավաբանություն, բժշկություն, դեղագիտություն և մանկավարժություն մասնագիտությունների, և անդամ երկրները ավտոմատ կերպով չեն ճանաչում գիտական աստիճանները:

 

 

Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք հնարավոր է Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով շարունակել արդյունավետորեն Բոլոնիայի գործընթացը Հայաստանում՝ նախարարը պարզաբանեց, որ թեև Բոլոնիայի գործընթացը սկզբնական շրջանում եղել է Եվրոպական միության ստեղծման տնտեսական հիմքերի ամրապնդման կրթական գործիք, այսօր այն այլևս Եվրոպական միության նախագիծ չէ: Բոլոնիայի գործընթացի 48 անդամ երկրներից Եվրոպական միության երկրներ են 28-ը: Եվրասիական միության անդամ երկրներից չորսը Բոլոնիայի գործընթացի անդամ են:

 

 

«Եվրոպական բարձրագույն տարածքը հաջողված համաեվրոպական նախագիծ է, որն ի վիճակի է եղել ստեղծել միասնականություն Դուբլինից մինչև Վլադիվոստոկ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ 2005 թվականից միանալով Բոլոնիայի գործընթացին Հայաստանը փորձել է լուծել կրթության համար ունիվերսալ գործիքների և չափանիշների ներդրման խնդիրը:

 

 

10 տարվա աշխատանքների արդյունքում Հայաստանը հաջողությամբ ավարտին է հասցրել կառուցվածքային բարեփոխումների փուլը: Իսկ 2012 հուլիսի 1-ին մեր երկիրը ստանձնել էր նաևԲոլոնիայի քարտուղարությունը: