Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին Թուրքիան կմասնակցի, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 11-ին երկու խոշոր միջոցառումներին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ իրենք հրավերներ են ուղարկել բոլոր երկրներին, այդ թվում՝ երկու հարևաններին:

 

 

«2012 թվականին կայացած քվեարկության ժամանակ Հայաստանն ընտրվեց որպես հյուրընկալող երկիր: Ոչ մի դեմ ձայն չունեինք, ինչը չի նշանակում, որ բոլորը կողմ են քվեարկել: Եղել են երկրներ, որոնք չեն քվեարկել: Այնուամենայնիվ, մենք պարտավորություն ենք ստանձնել հրավիրել բոլոր անդամ երկրներին և մեր պարտավորությունն ամբողջությամբ կատարել ենք: Որևէ քաղաքական շարժառիթ չենք ունեցել: Ադրբեջանը և Թուրքիան Բոլոնիայի գործընթացի անդամ են: Մենք հրավիրել ենք պատվիրակությունների և՛ Ադրբեջանից, և՛ Թուրքիայից, և՛ այլ երկրներից: Պարտավորությունները կատարվել են, Թուրքիայից կլինի մասնակցություն՝ ոչ նախարարական մակարդակով, իսկ Ադրբեջանից, ցավոք, պատվիրակներ չունենք» ,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը: Նախարարը հավելեց, որ «ցավոք» բառն է գործածում, որովհետև կցանկանար, որպեսզի Հայաստանն իր հարկի տակ համախմբեր Բոլոնիայի գործընթացին մասնակցող բոլոր երկրների պատվիրակություններին:

 

 

«Ադրբեջանը ոչ թե հրաժարվել է, այլ պարզապես չի արձագանքել»,- եզրափակեց Աշոտյանը:

 

 

Երևանում մայիսի 14-15-ը կանցկացվի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Մեր երկիրն արել է հնարավորը՝ լավագույնս հյուրընկալելու միջոցառումների մասնակիցներին: Միջոցառումներին կհյուրընկալվեն 500 մասնակից 350 երկրից, 52 ազգային պատվիրակություն, որոնցից 46-ը՝ եվրոպական երկրներից, ինչպես նաև 31 միջազգային կազմակերպությունների պատվիրակոթյուններ: Այս միջոցառմանը նաև մասնակցելու են 20 երկրների կրթության նախարարներ: