Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, այդ մասին Կոնգրեսում Եվրասիային 2017 թվականին տրամադրվելիք ամերիկյան օգնության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:

 

 

Ներկայացնելով 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվելիք ամերիկյան օգնության առաջնահերթությունները՝ Մելիան նշել է. «Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաստանին ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաև երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմանը»:

 

 

2017-ին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: Դրանից բացի, Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական և իրավապահ համակարգերի զարգացման համար: Ամերիկյան օրենսդիրներից շատերը սակայն բյուջեի լսումների ընթացքում դեռ նախատեսում են զգալիորեն ավելացնել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալը: Ելույթ ունենալով լսումների ընթացքում՝ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ունի կարևոր մի հատկություն՝ մյուսների հետ կիսվելու կարևորության գիտակցում.

 

 

«Ես միշտ հպարտ եմ եղել ամերիկյան ժողովրդի մեծահոգությամբ՝ նրանք միշտ պատրաստ են ձեռք մեկնել կարիքավոր բոլոր մարդկանց, նույնիսկ եթե նրանց երբեք չեն հանդիպել»:

 

 

ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ալինա Ռոմանովսկին լսումների ընթացքում ներկայացրել է օրենսդիրներին ԱՄՆ-ի կողմից Եվրասիայի տարածքում օգնության տրամադրման չորս հիմնական ուղղությունները: Մասնավորապես, դրանք են երկրների անկախության և ինքնավարության ամրապնդումը՝ օգնելով երկրներին պաշտպանվել դրսի ճնշումներից, կոռուպցիայի դեմ պայքարն ու օրենքի գերակայության ապահովումը, ժողովրդավարության ամրապնդումն ու խոսքի ազատության պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության ապահովումը.

 

 

«ԱՄՆ-ի օգնության տրամադրման չորրորդ առաջնահերթությունն այս տարածաշրջանի երկրների համար խաղաղություն ապահովելն է, որը լուրջ վտանգի տակ է հայտնվել»:

 

 

Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը, որը Հայաստանին հատկացվող օգնությունից ավելի քան երկու անգամ պակաս է, ուղղված է հիմնականում Ադրբեջանում ժողովրդավարության և բաց հասարակության զարգացմանը: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի խոսքով, որոշում ընդունելիս, հաշվի է առնվել այդ ոլորտում Ադրբեջանի լուրջ հետընթացը: