«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մերկելը ցանկանում է Եվրոպայի անվտանգությունը «կառուցել Ռուսաստանի հետ միասին, այլ ոչ թե նրա դեմ»

 

 

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ միասին աշխատել Եվրոպայում խաղաղություն հաստատելու համար, բայց չի կարող Մոսկվային ներել Ուկրանայի նկատմամբ նրա գործողությունների հարցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

 

 

«Մենք ցանկանում ենք Եվրոպայի անվտանգությունը կառուցել Ռուսաստանի հետ միասին, այլ ոչ թե նրա դեմ»,- ասել է Մերկելը՝ փետրվարի 18-ին ելույթ ունենալով Գերմանիայի Դեմին քաղաքում: «Բայց մենք չենք կարող հրաժարվել մեր սկզբունքներից. Ղրիմի բռնակցումը, օրինակ, միջազգային իրավունքի խախտում է»,- ընդգծել է նա:

 

 

Մերկելը հավելել է, որ եվրոպական երկրները պետք է Ուկրաինային թույլ տան զարգանալու իր ճանապարհով եւ նրան հնարավորություն ընձեռեն պահպանելու իր տարածքային ամբողջականությունը:

 

 

 

***

 

 

 

Գլխավոր դատախազությունը՝ Պերմյակովի գործի և Կոստանյանի՝ Չայկային ուղարկված նամակի մասին

 

 

 

«Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն:

 

 

Հաշվի առնելով տվյալ քրեական գործի կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն:

 

 

Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,- նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

 

 

***

 

 

 

 

Մովսես Հակոբյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացրել է շփման գծի իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

 

 

 

 

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիկին և Պիեռ Անդրիոյին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

 

 

Հանդիպման ընթացքում համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

 

Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին:

 

 

 

 

***

 

 

 

 

Հայ դատախազը 12 000 դոլար է պահանջել արաբից՝ նրան օգնելու համար. ՀՔԾ

 

 

 

ՌԴ քաղաքացի, ազգությամբ արաբ Մահեր Մ.-ն ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. ոստիկանության աշխատակցին է տվել 2500 ԱՄՆ դոլար' իր կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում, հասկանալով, որ չի կարող անձնագիր ձեռք բերել, հետ է պահանջել իր գումարը:

 

 

Բացի այդ, 2012 թվականին դիմել է նույն ոստիկանին' խնդրելով օգնել իր վերաբերյալ ընկերոջ կողմից ոստիկանության բաժնում ներկայացված բողոքն իր օգտին լուծում տալու հարցում: Հիշյալ հարցը կարգավորելու համար ոստիկանը պահանջել է 12 հազ. ԱՄՆ դոլար, սակայն ինքը հրաժարվել է տալ գումարը:

 

 

2014-ին ոստիկանության հիշյալ աշխատակիցը նշանակվել է դատախազ:

ՌԴ քաղաքացի Մահեր Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

***

 

 

 

 

Երեք բալ և ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ' մեկ շաբաթում

 

 

 

 

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 12-18-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Փետրվարի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 47 կմ դեպի հարավ: Մյուս երկուսը գրանցվել են փետրվարի 14-ին Թուրքիայի տարածքում, 3-4 բալ ուժգնությամբ՝ Վան քաղաքից 39 կմ դեպի հյուսիս-արևմո ւտք և 3 բալ ուժգությամբ՝ Սարիղամիշ քաղաքից 38 կմ դեպի հարավ-արևմուտք:

 

 

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Փետրվարի 13-ին 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Միջատլանտյան լեռնաշղթայի հյուսիսում' Իռլանդիա կղզուց 1500 կմ դեպի արևմուտք: Հաջորդ օրը Թայվանում' Թայդուն քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.2 մագնիտուդ:

 

 

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել 6.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից 83 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հոնսյու կղզու կենտրոնական շրջաններում և Հոկայդո կղզում՝ 17 պրեֆեկտուրաներում: Իվատե պրեֆեկտուրայում հայտարարվել է ցունամիի վտանգ, տարհանվել են ափամերձ տարածքների բնակիչները:

 

 

Երկրաշարժն առաջացրել է մինչև 20 սմ բարձրությամբ ցունամիի ալիք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

 

 

 

***

 

 

 

Աշոտյանը քաղաքական հարցերի այլևս չի պատասխանում

 

 

 

Այսօր՝ կառավարության հերթական նիստից հետո, մեծ պահանջարկ էր վայելում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Բանն այն է, որ քաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում ամենաակտիվ ֆիգուրը հենց ԿԳ նախարարն էր: Լրագրողների մոտ կուտակված բազմաթիվ հարցերը նախարարն անպատասխան թողեց: Մի քանի անգամ նշեց, որ չի պատրաստվում քաղաքականության վերաբերյալ հարցերին պատասխանել:

 

 

Թեպետ հումորով, բայց պատասխանեց իրեն թիկնապահներ տրամադրելու հարցին. «Ես ձեզ նման պահապաններ ունեմ, արդյոք ես ունե՞մ պաշտպանության կարիք»:

 

 

Նշենք, որ լուրեր են շրջանառվում՝ իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Արմեն Աշոտյանի հայտարարություններից հետո, ՀՀ ոստիկանությունն առաջարկել է ՀՀԿ փոխնախագահին հատկացնել թիկնապահներ:

 

 

 

***

 

 

 

«Փոքրոգի, պստիկ մարդուկ». Առաքել Մովսիսյանի մարտական ընկերը հակադարձում է Ռուբեն Գևորգյանին

 

 

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբոն) մամուլով խոսք էր ուղղել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն դիմած Ապրես Հովհաննիսյանը, ով Շմայսի մարտական ընկերն է, խոսքի իրավունք է խնդրել՝ «Ծաղիկ Ռուբոյին» հակադարձելու համար։

 

 

«Ես, որպես 5-րդ մոտոհրաձգային բրիգադի սպա, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնելը, երբ ինչ-որ թափթփուկ իրեն թույլ է տալիս հոխորտալ մեր բրիգադի որեւէ քաջի հասցեին, առավել եւս, երբ խոսքը փառապանծ մարտական ուղի անցած Առաքել Մովսիսյանի մասին է։

 

 

Ուրեմն, Ծաղի՛կ Ռուբո, արի, որտեղ ես ուզում՝ հանդիպենք՝ տենանք՝ ով ում աչոտ ունի տալու։ Էրես-էրեսի հանդիպենք, խոսանք, դրանից հետո դու հաստատ ձուկ կդառնաս՝ կլռես»,- ասաց ազատամարտիկը և հավելեց. «Թե չէ՝ քեզ մեծի, մեծահոգու տեղ ես դրել, ա՛յ տղա։ Դու ո՞ւր, մեծությունն՝ ո՞ւր, ա՛յ իսկականից՝ փոքրոգի, պստիկ մարդուկ»։

 

 

 

***

 

 

 

«Գագիկ Ծառուկյանը գոնե մեկ րոպե ընդդիմադիր գործիչ չի կարող լինել»

 

 

 

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի համար անհասկանալի է, որ կան մարդիկ, ովքեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկերացնում են որպես ընդդիմության առաջնորդ: Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը Հացպանյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը գոնե մեկ րոպե ընդդիմադիր գործիչ չի կարող լինել, քանի որ ընդհանրապես քաղաքական գործիչ էլ չէ:

 

 

«Եվ ընդհանրապես, ես «Բարգավաճ Հայաստան» անունով կուսակցություն չգիտեմ: Այնտեղ չկա գաղափար, չկա մարդ, դա փուչիկ է: Այնտեղ ղեկավարը հասարակական կյանքի, քաղաքական դաշտի հետ կապ չունեցող մի մարդ է, և ինչպես կարելի է նման մարդուն դիտարկել որպես ընդդիմության առաջնորդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

 

Հացպանյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած նախագիծն է, և շատերի համար պարզ է, որ դրա հետևում կանգնած է հենց Ռոբերտ Քոչարյանը: «Իսկ տվյալ դեպքում որոշ ուժեր Գագիկ Ծառուկյանին կարողացան օգտագործել, փչացնել և դուրս հանել համակարգից»,- նշեց նա:

 

 

Ազատամարտիկի համար անհասկանալի է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքը, ով միշտ խստորեն քննադատել է Գագիկ Ծառուկյանին, մեղադրելով նրան տարբեր հանցագործությունների մեջ, իսկ հետո սկսել էր Գագիկ Ծառուկյանի հետ ընդդիմություն խաղալ: