
«Մարսիա» հզոր փոթորիկը, որը փետրվարի 20-ին պատուհասել է Ավստրալիայի արեւելյան ծովափը, տապալել է էլեկտրահաղորդման գծերը, ծառերը եւ վնասել տները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կվինսլենդի նահանգի վարչապետ Անաստասիա Պալաժչուկը հայտնել է, որ փոթորիկը, որը թուլացել է մինչեւ չորրորդ աստիճան, արդեն անցել է Եպուն առողջարանային քաղաքի վրայով: Չնայած առանձին ավերածություններին, տարերքի պատճառած վնասը մեծ չէ:
«Նախնական հաղորդումները միանգամայն հուսադրող են»,- վարչապետի խոսքը մեջբերել է Courier Mail թերթը: Լրագրողների տվյալներով՝ տարածաշրջանում առանց լույսի է մնացել շուրջ 33 հազար տուն, փոթորիկը պոկել է մի քանի շենքերի տանիքներ:
Փոթորիկը շարժվում է Ռոկգեմփթոն քաղաքի ուղղությամբ: Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին՝ դուրս չգալ փողոց եւ պատսպարվել իրենց կացարանների ամենաամուր մասերում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, միաժամանակ փետրվարի 20-ին Ավստրալիայի հյուսիսային ծովափին մոլեգնել է Լեմ փոթորիկը, որն անցել է սակավաբնակ տարածքով եւ զգալի վնաս չի հասցրել: Տեղի բնակիչներն ու ԶԼՄ-ները ստեղծված իրադրությունն անվանել են «ցիկլոնների սենդվիչ»: