Ավստրալիայի արեւելյան ափին ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է 10 մարդ, եւս 11 հոգի ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացրել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի գիշեր, Սիդնեյ տանող արագընթաց ավտոմայրուղում, Գրետա քաղաքի մոտ (Սիդնեյից 170 կիլոմետր հյուսիս)։ «Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները»,- նշել են ոստիկանական վարչությունում։
Ոստիկաններն առայժմ չեն տեղեկացնում վթարի պատճառների մասին՝ նշելով, որ ՃՏՊ-ի հետեւանքով ավտոբուսը շրջվել է եւ հայտնվել մայթեզրին։ Տեղեկացվել է նաեւ, որ տուժածներին տեղափոխելու համար Սիդնեյից փրկարար ծառայության վեց ուղղաթիռ է թռել, որոնք վիրավորներին հասցրել են մեգապոլիսի հիվանդանոցներ։
Ավտոբուսում 39 ուղեւոր է եղել, որոնք վերադառնում էին գինեգործարանի միջոցառումից։ Նրանցից 18-ին օգնություն է ցուցաբերվել տեղում, եւ նրանք գնացել են տուն։ 58-ամյա վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց՝ զննման, ինչից հետո նրա հետ կսկսեն աշխատել քննիչները։