Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը,ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծը:
Նիկոլ Փաշինյանի նախագիծը տապալվեց: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի նախագծին. 1՝ կողմ, 5՝ դեմ և 0՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նիստին ներկա էին ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Հովհաննես Սահակյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը:
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծում առկա էր տասը կետ, որոնք պատճառ կարող են հանդիսանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար:
Վերջինս ներկայացրեց պետական դավաճանության մեկ դեպք, ութ հանցագործություն՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որին գումարվել է նաև մեկը, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը, համաձայն որի՝ պաշտոնական լիազորությունը ծառայեցրել է խմբային շահերի, խտրական մոտեցում է ցուցաբերել ԲՀԿ ղեկավարի նկատմամբ:
Ի դեպ, Փաշինյանը նշեց, որ վերջին կետը փաստաթղթում ավելացել է ՀՀԿ Խորհրդի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց Գագիկ Ծառուկյանին:
Հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Փաշինյանից փորձեց ճշտել՝ փաստաթղթում նշված տասը կետը պատկան մարմինների՞ց վերցրած տեղեկություններ են, թե՞ իր պատկերացումներն են, ինչին Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀԿ Խորհրդի փետրվարի 12-ի հանրահայտ նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց իրավական նոր եզրույթ՝ «չստուգված տեղեկությունները», կարելի է այդ նորամուծությունից հետո խոսել բազմաթիվ չստուգված տեղեկությունների մասին:
Նշենք նաև, որ քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված քննարկվող նախագծին, ասել էր. «Այս նախագիծն անգրագիտություն է, ուստի ես չեմ կարող դրան կողմ քվեարկել», ինչին ի պատասխան Փաշինյանը նշել էր, որ Ջհանգիրյանի՝ Գլխավոր դատախազ դառնալու երազանքն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է:
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում