Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր հողը եւ հարմար պահի պատշաճ ձեւով պատասխանել Թուրքիայի ագրեսիային:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Ֆ. Մեքդադն այդ հայտարարությունն արել է փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը Սիրիայի տարածքում թուրքական զորքերի իրականացրած ռազմական գործողության կապակցությամբ, որով թուրքական կողմը տարհանել էր Եփրատ գետի կղզիներից մեկում գտնվող Օսմանների դինաստիայի նախնիներից շահ Սուլեյմանի դամբարանը եւ այն պահպանող թուրքական զորախումբը' հեռացնելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալն երից:

 

Ֆ. Մեքդադի խոսքով' Թուրքիան նման պահվածքով ոտնահարում է Սիրիայի ինքնիշխանությունը:

 

Այդ գործողությունն իրականացնելու համար թուրքական բանակն օգտագործել էր 700 զինվորականի, մոտ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում' 39 տանկ: Սուլեյման շահի դամբարանը, այնտեղ պահվող արժեքավոր իրերն ու այն պահպանող զինծառայողներին թուրքական կողմը տեղափոխել է թուրք-սիրիական սահմանից 200 մ հեռավորությամբ Սիրիայի Էսմեի շրջանում գտնվող նույն մակերեսով տարածքով վայր: Այդ գործողության ընթացքում թուրքական բանակի մեկ զինվոր զոհվել է:

 

Սիրիան այդ առնչությամբ հայտարարել է, որ ԻՊ-ն քանդում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների եկեղեցիները, շիա մուսուլմանների դամբարանները, բայց ձեռք չի տալիս Սուլեյման շահի դամբարանին, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիան սերտ կապեր ունի այդ ահաբեկչական կազմակերպության հետ:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սրբությունների տեղափոխումը «դամաբարանի կարգավիճակի մասին պայմանավորվածությունների փոփոխություն չի նշանակում» եւ այն արվել է «անվտանգության նկատառումներով»:

 

Սուլեյման շահի (1178-1236) դամբարանը Թուրքիայի իրավազորության տակ է գտնվում 1921 թվականին Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրի համաձայն (այդ ժամանակ Սիրիան Ֆրանսիայի գաղութն էր): Դամբարանի զբաղեցրած տարածքը, որտեղ բարձրացված էր թուրքական դրոշը, պահպանում էր Թուրքիայի զինված ուժերի մոտ 50-հոգիանոց զորախումբը: