Ռուսաստանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը Իրանի իր գործընկեր Բիջան Նամդար Զանգենեի հետ վարած բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան եւ Թեհրանը մտադիր են ընդլայնել նավթի եւ գազի ոլորտում համագործակցությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ըստ այդ համաձայնության' ռուսաստանյան ընկերություններն ակտիվորեն մասնակցելու են Իրանի նավթագազային հատվածում անցկացվող նախագծերին: Ռուսաստանցի մասնագետները Իրանին օգնելու են նաեւ նոր հանքահորերի հետախուզման գործում: Բացի այդ, ռուսաստանյան կողմն իրանցի երիտասարդների համար ընդլայնելու է նավթագազային ճարտարագիտական մասնագիտությունների գծով կրթություն ստանալու հնարավորությունները:

 

Նշվում է, որ օրերս Ս. Դոնսկոյի մասնակցությամբ Թեհրանի ներկայացուցիչների հետ արձանագրություն է ստորագրվել նաեւ Կասպից ծովում կենսաբանական բազմազանությունը պահպանելու վերաբերյալ: