Հունաստանի իշխանությունները հրապարակել են այն բարեփոխումների ցուցակը, որ նրանք մտադրվել են իրագործել: Այդ քայլին ձգտում էին հասնել միջազգային վարկատուները՝ նախ եւ առաջ եվրոգոտու երկրները՝ Հունաստանի վարկավորման ծրագրի գործողության ժամկետը չորս ամսով երկարացնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ներկայացված միջոցառումները ներառում են հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաեւ վառելիքի եւ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրը: Բարեփոխումների ցուցակում տեղ են գտել նաեւ առաջարկներ պետական աշխատակազմի կրճատման եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:
Փաստաթղթի համաձայն՝ Հունաստանի նոր իշխանությունները պարտավորություն են ստանձնում պայքարելու այն բանի դեմ, ինչը նրանք անվանում են «հումանիտար ճգնաժամ»:
Հունաստանի կառավարությունը մտադիր է 60 մլն եվրո ծախսել աղքատների համար անվճար էլեկտրականություն ապահովելու եւ ավելի քան 750 մլն եվրո՝ սննդի սուբսիդավորման ծրագրի համար:
Այս միջոցառումները կապված են տնտեսական ճգնաժամից տուժած քաղաքացիներին օգնելու ՍԻՐԻԶԱ ձախ արմատական կուսակցության նախընտրական խոստումների կատարման հետ:
Կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ բարեփոխումների նախնական նախագիծը հրապարակում են այն վարկատուներին ուղարկելուց առաջ՝ մամուլ փաստաթղթի զանազան տարբերակների արտահոսքի պատճառով:
Բարեփոխումների վերջնական ցուցակն Աթենքը Բրյուսելին կհանձնի փետրվարի 24-ին՝ խոստացված ժամկետից մեկ օր ուշ:
Այսօր ավելի ուշ վարկատուների «եռյակը»՝ Եվրոպայի կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, իրենց վճիռը կկայացնեն առաջարկված բարեփոխումների վերաբերյալ, նախքան դրանք կքննարկեն եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները: