Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է «Լոս Անջելեսի միջազգային օդանավակայաններ» (LAWA) ընկերության քայլը, որով խզել է 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանն աջակցող և թուրքական գործակալություն հանդիսացող «Gephardt Government Relations» ընկերության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակորելով «Ասպարեզ» պարբերականը, դեռևս 2014 թվականի վերջին Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախումբը նախկինում էլ համանման կոչով հորդորել էր Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին խզել բոլոր կապերը գործարար Դիք Գեփհարդի հետ, ով հայտնի է որպես ցեղասպանության ժխտող: «Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանները» ղեկավարող հանձնակատարների խորհուրդը բաղկացած է յոթ անդամներից, որոնցից վեցը նշանակվել են անցյալ տարի Լոս Անջելեսի քաղաքապետի կողմից:
«Դիք Գեփհարդը մեծ գումարներ է ստանում Թուրքիայի կառավարությունից Կոնգրեսի անդամներին լոբբինգի ենթարկելու և Հայոց ցեղասպանության ճշմարտության ժխտողականության համար: Որպես ցեղասպանության ժխտող նա արժանի չէ Լոս Անջելեսի քաղաքացիների մեկ դոլարին անգամ և ոչ մի առնչություն չպետք է ունենա մեր մեծ քաղաքի հետ»,- ասել է Արևելյան շրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:
ԱՄՆ կառավարության փաստաթղթերի համաձայնˋ «Gephardt Government Relations» ընկերությունը 845 հազար դոլարի պայամանագիր ուներ LAWA-ի հետ, որը կնքվել է 2012 թվականին Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսայի ժամանակ:
Ընկերությունը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հետ միասին պատասխանատու է նաև շրջանում գործող մի շարք այլ օդանավակայանների գործունեության համար: