Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը դատապարտում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչերը՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին Բաքվին հանձնելու հետ կապված:

 

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունից «Արմենպրես»-ին փոխանցված հայտարարության մեջ նաև նշված է.

 

 

«ՍԴՀԿ-ն կարծում է, որ մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ: Ձերբակալված դիվերսանտները սպանել են երկու անմեղ քաղաքացիների և ծանր վիրավորել մյուսին: Դրա հետ մեկտեղ, Արցախի Հանրապետությունում անցկացվել է բաց և թափանցիկ դատավարություն, որի արդյունքում դիվերսանտները ստացել են արժանի պատիժ: Բացի այդ, դեռևս չի մոռացվել Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, որի հետևանքով վերջինս Ադրբեջանում անմիջապես ազատ արձակվեց և հռչակվեց «ազգային հերոս»:

 

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նաև կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին հանցավոր լռություն է պահպանում՝ կոշտ չարձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության երկու պաշտոնյաների հայտարարություններին: Ընդհանրապես, պատերազմող երկրի Արտաքին գործերի նախարարությունը պետք է լինի առավել համարձակ և նախաձեռնող: ՍԴՀԿ տարբեր գործիչներ բազմիցս առիթ են ունեցել հայտարարելու, որ ԱԳՆ-ի լռությունը տարբեր մարտահրավերների դեպքում ուղղակի անհասկանալի է և վերաճում է վախկոտության»: