Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարի 3-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։ «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Է. Մուսայելյանը։
Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: