Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած հայ Արսեն Բաղդասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ' Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:

 

 

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, 2014 թվականի դեկտեմբերին հաղորդել էին, որ գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական դատարանը մայիսի 5-ին հայ սահմանախախտին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը հայ սահմանախախտ Արսեն Բաղադասրյանին դատել է որպես դիվերսանտ: