Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ծառայության ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում գերի ընկած Արսեն Բաղդասարյանին, ով օրերս դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում հայ սահմանախախտի և նրա ընտանիքի անդամների միջև:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, հաղորդել էին, որ դեկտեմբերի 26-ին գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Հայ սահմանախախտի նկատմամբ ադրբեջանական դատարանը մայիսի 5-ին 15 տարվա ազատազրկման որոշում է կայացրել: Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը Արսեն Բաղդասարյանին դատել է որպես դիվերսանտի: