Հասաքե մարզի գյուղերի վրա «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով բնակիչները ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տասնյակ ընտանիքներ պատսպարվել են Հասաքե քաղաքում՝ ասորական եկեղեցում: Նրանցից Ջանեթ Դանխա անունով բնակիչը պատմել է, թե ինչպես է իրենց հաջողվել փախչել և հասնել այդտեղ Թել Թամար գյուղի վրա ԻՊ-ի հարձակումից հետո: Մարդիկ այժմ անորոշության, վախի ու սարսափի մեջ են և չգիտեն, թե ինչպիսին կլինի իրենց ճակատագիրը:

 

Թել Հարմազ գյուղի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչպես դիպուկահարը իր աչքի առաջ սպանել է թոռանը, և ինչպես են իրենք փախուստի դիմել մի քանի կանանցով և երեխաներով:

 

Թել Ռաման գյուղի բնակիչները մտահոգություն են հայտնել գյուղերում մնացած երիտասարդների համար, ովքեր որոշել են մնալ և պաշտպանել իրենց ծննդավայրը' չնայած ահաբեկիչների մեծ ամբոխի դեմ իրենց փոքրաթիվ լինելուն:

 

Թել Ջամաա գյուղի բնակիչներից մեկը պատմել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները տասնյակ տներ են այրել, այդ թվում՝ եկեղեցիներ Թել Հարմազ և Թդլ Ջազիրա գյուղերում:

 

Հասաքեի նահանգապետ Մուհամմադ Ազալ ալ Ալին նշել է, որ Հասաքեի գյուղերի վրա հարձակումը նպատակ է հետապնդել հարվածել ազգային միասնականությանը:

 

Բնակիչներին օգնություն է ցուցաբերվել: Նրանց անհրաժեշտ պարագաներ են տրամադրվել, ինչպես նաև մթերքներ են բաժանվել:

 

ԻՊ-ն փետրվարի 24-ին զինված հարձակում էր իրականացրել Թել Հարմազ, Թել Շամիրամ, Թել Ռուման, Թել Նասրա, ալ Աղիբաշ, Թումա Յալդա, ալ Հաուզ գյուղերի վրա, որոնք գտնվում են Հասաքե մարզի արևմուտքում: Ահաբեկիչներն այրել են Թել Հարմազ պատմական եկեղեցին, որը համարվում է Սիրիայի հնագույն եկեղեցիներից մեկը, ինչպես նաև Թել Շամիրամ և Թել Հարմազ գյուղերից առևանգել են տասնյակ մարդկանց: Արաբական որոշ աղբյուրների տեղեկացմամբ, առևանգել են շուրջ 90 մարդու: