ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ' Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ և հույս է հայտնել, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան:
Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ արվելու է ամեն ինչ ձևավորված գործակցությունն ամրապնդելու համար:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ կարևորվում է ոչ միայն փորձի փոխանակման, գիտելիքի յուրացման առումով, այլև Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետության համատեքստում: Ոստիկանության պետը ներկայացրել է բարեփոխումների առաջին փուլում կատարված աշխատանքի արդյունքները և այն խնդիրները, որոնք նախատեսված են երկրորդ եռամյակում՝ ընդգծելով, մասնավորապես, ոստիկանության թափանցիկ գործունեության ապահովումը, հանրությանը ծառայություն մատուցող կառույցների որակական արդիականացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը և այլն:
Դեսպան Միլսը հավաստիացրել է, որ դեսպանությունը հետաքրքրված է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներով, և ամերիկյան կողմը պատրաստակամ է երկրորդ փուլում օժանդակություն ցուցաբերել այն կարևոր ուղղություններով, որոնց ԱՄՆ-ը կարող է աջակցել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: