Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար շատ լավ հեռանկարներ կան, եւ Հայաստանի կառավարության համար սա հնարավորություն է' վերագտնելու վստահությունը: Տեսակետը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանինն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քաղաքագետը վստահ է, որ Երեւանում եւ Բրյուսելում կա անկեղծության բարձր մակարդակ, ինչը շատ լավ նախանշան է նոր ուղու համար:
«Սա երկրորդ հնարավորությունն է Հայաստանի համար: Երրորդը չի լինելու: Այս հնարավորությունը նախորդին նման չէ, եւ չի կարելի կորցնել: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ Արեւելյան գործընկերությունը շատ ավելի կարեւոր է, եւ Ռիգայի գագաթնաժողովը մեկ անգամ եւս կվերահաստատի դա»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը' հավելելով, որ կողմերը պետք է ընդունեն ԵՏՄ-ի հետ կապված իրողությունը եւ փորձեն նվազեցնել այն վնասները, որ բերում է այդ իրողությունը:
Ըստ Կիրակոսյանի' Ռիգայի գագաթնաժողովը յուրահատուկ թեստ է, որի ժամանակ խոստումներից պետք է քայլ կատարել դեպի գործողություն: «Այլընտրանք չկա: Բարեփոխումները պետք է խորացնեն հարաբերությունները:
Արդարացումները ընդունելի չեն եւ ոչ էլ հանդուրժելի: Միաժամանակ պետք է գիտակցենք, որ ԵՄ-ն Հայաստանի բոլոր խնդիրների պատասխանը չի կարող տալ: Իրական բեռը Հայաստանի կառավարության եւ քաղաքացիական հասարակության վրա է դրված, որ բացերը լուծեն: ԵՄ-ն ոչ լուծում է, ոչ էլ պատասխան է տալիս, ոչ էլ ԵՏՄ-ն է մեղավոր:
Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները: Միաժամանակ կա հնարավորություն' ձեւավորելու համատեղ ապագա, կառուցողական հարաբերություններ»,- ասաց Կիրակոսյանը' հավելելով, որ կողմերը պետք է մոռանան եւ չանդրադառնան ցավոտ անցյալին: