Ուկրաինայում տնտեսական կոլապս է, գազի գինը բարձրանում է, կորել է տնտեսական համագործակցությունն ու կապը արեւմուտքի եւ արեւելքի միջեւ, եւ Մայդանի կրկնության հավանականությունը կրկին բարձր է: Տեսակետը «Կովկաս » ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է: Այսօրվա Ուկրաինան քաղաքագետին հիշեցրել է 1993-94թթ. Վրաստանը. պետությունը գտնվում է վերահսկողությունը կորցնելու եւ մասնատման վտանգի առաջ:
Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Իսկանդարյանը հայտարարեց, որ Վրաստանին մեկ տասնամյակ պահանջվեց երկիրը վերականգնելու համար, Ուկրաինայի պարագայում դժվար է որեւէ կանխատեսում անել: Եթե Ուկրաինայի հարցում հստակ ոչինչ չի կարելի ասել, ապա ըստ Իսկանդարյանի, ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքի դարաշրջանն ավարտվեց: Դրա սկիզբը դրվեց 2008թ. վրաց-ռուսական պատերազմից ժամանակ: «Ղրիմի միանալը Ռուսաստանին, Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումները նոր կանոններ են թելադրում, որոնք կարևոր են նաև Հայաստանի համար»,- ասաց Իսկանդարյանը:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով Ուկրաինայում սպասվելիք նախագահական ընտրություններին, քաղաքագետն ասաց, որ ՌԴ-ն իրականում այնքան էլ չի ողջունում դրանց անցկացումը: «Այն, որ ընտրությունները կկայանան սարսափելի պայմաններում' ակնհայտ է: Սովորաբար, հեղափոխություններից հետո ընտրություններ են անցկացնում, որպեսզի լեգիտիմացնեն նոր իշխանությունը: Բայց Ուկրաինայի պարագայում կասկածում եմ, որ դա կհաջողվի… Իհարկե, Արևմուտքը ընտրությունների արդյունքները, անշուշտ, կճանաչի, իսկ ՌԴ-ն' ոչ: Ամեն պարագայում այս ընտրությունները իրենց հետ չեն բերի կայունություն»,- ասաց Իսկանդարյանը:
Մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին 21 թեկնածու էին գրանցվել, որոնցից երկուսն այնուհետև հանել են իրենց թեկնածությունները: Հիմնական ֆավորիտները երկուսն են' գործարար միլիարդատեր, «Ռոշեն» շոկոլադի արտադրության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն և ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, վերջերս բանտարկությունից ազատ արձակված Յուլիա Տիմոշենկոն: