Գերմանիայի Հանովեր քաղաքում մարտի 16-20-ը կայանալիք ՏՏ ոլորտի միջազգային ամենախոշոր CeBIT 2015 ցուցահանդեսում Հայաստանն այս տարի կներկայանա մեկ միասնական տաղավարով:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավարությամբ և Նիդեռլանդների ԱԳՆ Զարգացող Երկրներից Ներմուծման Խթանման Կենտրոնի (CBI) աջակցությամբ մեր երկիրը կներկայացնեն «Volo», «Altacode», «E-Works», « IU Networks» , «Technology and Science Dynamics», «Web», «Locator», «Instigate» և «VTG Software» ընկերությունները:

 

 

«Մենք ավանդաբար մասնակցում ենք Եվրոպայի այս խոշորագույն ցուցահանդեսին, սակայն այս տարին առանձնահատուկ է: Մենք մասնակցում ենք առանձնացված հայկական տաղավարով՝ Surprising Engineering և Why Armenia խորագրի ներքո»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

 

 

CeBIT ցուցահանդեսում ներկայացվում են թվային տեխնոլոգիաների ոլորտի վերջին լուծումները ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային ընկերությունների կողմից: Ցուցահանդեսը միջազգային արդյունավետ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու համար: Ցուցահանդեսին մասնակցում են գրեթե 4000 ընկերություն 70 երկրից և ավելի քան 300000 այցելու աշխարհի շուրջ 110 երկրից: