«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ սեպտեմբերի 4-7-ը հայաստանյան 14 ընկերություններ մեր երկրի տեքստիլ ոլորտի արտադրանքն ու արտահանման ներուժն են ներկայացնում Մոսկովյան «CPM- Collection Premiere Moscow» նորաձևության և առևտի միջազգային ցուցահանդեսում։ «CPM»-ն Արևելյան Եվրոպայում նորաձևության արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցում են 25 000 ապրանքանիշեր, այդ թվում՝ աշխարհի խոշորագույններն ու հանրաճանաչները։ Միջազգային էսքպոյին այս տարի կներկայացվեն 1280 հավաքածուներ աշխարհի 30 երկրներից։ Այս մասին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:
Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը «CPM-2018»-ին մասնակցում է 2 տաղավարով. դրանցից մեկում 4 խոշոր արտադրողներ ներկայացնում են ներքնահագուստ, մյուսում՝ 10 արտադրողներ ցուցադրում են նորաձևության նմուշներ։
«Միջազգային էքսպոյին մասնակցում են դիզայներներ, հայտնի ապրանքանիշեր, արտադրողներ, և այս տարի նպատակ ունենք «կապել» նորաձևությունն ու արդյունաբերությունը՝ ավելի շատ պատվերներ ստանալու համար։ Այսինքն ոչ միայն տեքստիլ ձեռնարկություններն ենք ներկայացնում, այլ նաև ցուցադրում, որ մեր արդյունաբերությունը պատրաստ է իրականացնելու նաև նորաձևության պատվերներ»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։
Հայաստանի տեքստիլ ոլորտի ընկերությունները նախկինում միասնական՝ «5900-BC» ապրանքանիշով «Բիզնես Արմենիա»-ի և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մասնակցել են «CPM- Collection Premiere Moscow» նորաձևության ցուցահանդեսին։