Կոպենհագենի քաղաքապետարանում հոկտեմբերի 24-ին բացվել է միջազգային ցուցահանդես' նվիրված ազգային հերալդիկային և զինանշաններին, որը կազմակերպվել է Կոպենհագենի քաղաքային խորհրդի, Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների կողմից' Նորին Մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ելույթներ են ունեցել Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի նախագահ Կայ Լարսենը, Կոպենհագենի քաղաքապետարանի երեխաների և երիտասարդության հարցերով քաղաքապետ Փիա Ալերսլևը և Դանիայում հավատարմագրված դուայենը' Բուրկինա Ֆասոյի դեսպան Մոնիք Իլբուդոն:

 

Կոպենհագենի Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի կողմից կազմակերպած միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել և ցույց տալ, թե ինչպես է օգտագործվում հերալդիկան մեր օրերում աշխարհի տարբեր երկրներում:

 

Ցուցահանդեսին 25 տարբեր երկրների դեսպանություների մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու այդ երկրների ազգային, պետական, ազնվական ընտանիքների, արդյունաբերական, առևտրական, սպորտային, մշակութային ընկերությունների անցյալի և ներկայիս զինանշաններին, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուր երկրի պատմության համար:

 

Դանիայում ՀՀ դեսպանությունը ևս ներկայացված է եղել ցուցահանդեսում, որի վահանակը ձևավորված էր և հերալդիկայի նմուշները ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից:

 

Ցուցադրված հայկական հերալդիկ նմուշները ցույց են տալիս մեր երկրի հարուստ և յուրահատուկ պատմությունը' սկսած մ.թ.ա. III հազարամյակից մինչև ՀՀ ներկայիս զինանշանները:

 

Հերալդիկային նվիրված միջազգային ցուցահանդեսը բազմաթիվ այցելուներ ունեցավ, իսկ ցուցադրությունը Կոպենհագենում շարունակվելու է մինչև նոյեմբերի 6-ը: