ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները փետրվարի 27-ից դրվել են շրջանառության մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիր ված հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում' «2015» և «1000 դրամ», իսկ շրջագծով' «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հովակիմ Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի ձախ մասը և ճեմարանի հուշամեդալը: Շրջագծով' «200-ամյակ, Լազարյան ճեմարանի հիմնադրում» մակագրություններն են:
Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը' արծաթ 9250, տրամագիծը' 40 մմ, քաշը' 33,6 գ, որակը' պրուֆ, դրամաշուրթը' ատամնավոր, տպաքանակը' 500 հատ: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են' «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հ այ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված' կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են' «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:
Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը և հարգը' արծաթ 9250, տրամագիծը' 50 մմ, քաշը' 67,2գ, որակը' սովորական (հնաձև), դրամաշուրթը' հարթ, տպաքանակը' 1000 հատ: Էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը և Արամ Ուռուտյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, ներքևում՝ «100 դրամ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2015» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Փ. Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից դրվագ և նրա ինքնադիմանկարից դրվագ: Մակագրություններն են՝ «Փանոս Թերլեմեզյան 1865-1941», «150 ամյակ»:
Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը և հարգը'արծաթ 9250, քաշը' 28,28գ, չափը' 28x40 մմ, որակը' լավացված, դրամաշուրթը' հարթ, տպաքանակը' 500 հատ: Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են' «Հայաստանի Հանրապետություն», «Republic of Armenia», «1000 դրամ», «2015»: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը կանգնեցված Անդրանիկի հուշարձանը: Մակագրություններն են' «Անդրանիկ Օզանյան», «Ես պայքարել եմ մի բանի' իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար», «1865-1927», «150 ամյակ»:
Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը' արծաթ 9250, տրամագիծը' 40 մմ, քաշը' 33,6գ, որակը'պրուֆ, դրամաշուրթը' ատամնավոր, տպաքանակը' 500 հատ: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայան է: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: