Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2015թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր:

 

Վարչապետը կարևորել է մեր երկրում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման ու ներդրումների ներգրավման տեսանկյունից, և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այս ֆորումի կազմակերպմանը:

 

 

Հայաստանում անցկացվելիք ներդրումային համաժողովի նպատակն է վերլուծել վերջին տարիներին միջազգային պատասխանատու ներդրումների ոլորտի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումները և քննարկել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումային քաղաքականության հեռանկարները:

 

Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հա տվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:

 

 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել Մշակութային դիվանագիտության ինստիտուտի հետ՝ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու նպատակով: