Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում, ս.թ. մարտ ամսին կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են նաև 2017 թվականին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կատարած աշխատանքները, ՀՀ ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը:
ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:
Ցուցահանդեսը կազմակերպում են ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն: