Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է ապրիլի 18-ին, ՀՀ մշակույթի նախարարությունը տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների հետ Հայաստանում և Արցախում հետաքրքիր միջոցառումներ կանցկացնի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 18-25-ը կանցկացվեն կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
Բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներից են ապրիլի 18-ին «Զվարթնոցում» Նիկողայոս Մառին նվիրված բաց դասը, նոր ցուցահանդեսի բացումը։ Նույն օրը այլ ցուցահանդեսներ կբացվեն «Էրեբունի» թանգարանում, Պերճ Պռոշյանի՝ Աշտարակի տուն-թանգարանում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում, Օրբելի եղբայրների ծաղկաձորյան տուն-թանգարանում, Գյումրիի՝ Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում և այլն։
Ապրիլի 18-ին կմաքրվեն և կբարեկարգվեն Գավառ, Մարտունի քաղաքների պատմամշակութային հուշարձանները, ապրիլի 19-ին Գոշավանքի շրջակայքը:
Ապրիլի 25-ին սահմանափակ կարողություններով երեխաների համար կկազմակերպվի այցելություն Դադիվանք։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Տարբեր երկրներում այդ օրն իրականացվող միջոցառումների նպատակը ևս մեկ անգամ հասարակությանը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության մասին հիշեցնելն է: