Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով: Նախարարությունը, համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանի մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Դրանց նպատակն է հնարավորություն ստեղծել վերհիշելու անցյալի իրադարձությունները, հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու Հայոց պատմությանն ու մշակույթի հուշարձաններին, տարբեր վայրերիի հետ կապված հիշողություններին:
Բանակ-կրթություն-մշակույթ եռամիասնությունը 2012 թվականից սկսած' զինծառայողների, մանուկների ու պատանիների շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու, դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ավանդույթ է ձևավորել. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանները կցագրված են ՀՀ ԶՈՒ զորամասերին և ուսումնական հաստատություններին: Իրազեկված հայ զինվորն ու դպրոցականը, պարզապես բարի կամքի տեր քաղաքացին կայցելի պատմամշակութային վայրեր' մասնակցելու հուշարձա նների տարածքների բարեկարգմանը և թեմատիկ դասախոսություններին: Տարբեր տարիքային խմբերի մասնակիցները ծրագրում կգտնեն իրենց հետաքրքրող միջոցառումը: Միաժամանակ, Հուշարձանների միջազգային օրվա առթիվ' ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում կանցկացվեն օրվա խորհրդին առնչվող թեմատիկ միջոցառումներ' ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, մանկական խաղ-վիկտորինաներ և այլն:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան միջոցառումների շարք կնվիրվի նաև Արևմտյան Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը, մշակութային ցեղասպանության հետևանքով ոչնչացված արժեքներին, արևմտահայության կյանքի ու դերի մասին թեմաներին, հրապարակումներին:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ' ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: