Ապրիլի 11-ին՝13.30-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ կօծվի ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը կանգնեցվել է եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանի աջակցությամբ:
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է ս. Հովհաննես Մկրտչի գլխատման օրը: Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում 10.30-ին կմատուցվի ս. պատարագ՝ Երևանի ս. Հովհաննես եկեղեցի, Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ ժամը 09.00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի ս. Հովհաննես եկեղեցի կբերվի սրբի մասունքը: Այն եկեղեցում կլինի մինչև 17.00: Այստեղ ս. պատարագը կմատուցի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը: Ուխտավորաբար այստեղ կլինեն դպրանոցի ուսանողները:
Հավարտ ս.պատարագի եկեղեցու բակում նախատեսվում է մատաղի հյուրասիրություն և տոնական միջոցառում երգիչ Արսեն Գրիգորյանի (Մրո), եկեղեցու «Օվսաննա» երգչախմբի և Վազգենյան դպրանոցի սաների մասնակցությամբ:
Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցում հավարտ ս.պատարագի նախատեսվում է մատաղի հյուրասիրություն, եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես և միջոցառում՝ գյուղի պարի խմբի և կիրակնօրյա դպրոցի երգչախմբի մասնակցությամբ: