ԱԴԾ-ի նախկին ղեկավար, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կովալյովը կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության բացահայտումը մեծ հավանականություն ունի, հաղորդում է interfax.ru-ն:

 

«Հազվագյուտ դեպք է, երբ կա սպանության վկա, ով գտնվում է զոհի կողքին: Պատվերով սպանությունների ժամանակ, սովորաբար, նման բան տեղի չի ունենում»,- «Ինտերֆաքսին» հայտնել է Կովալյովը:

 

Նա նշել է, որ նմանատիպ իրավիճակներում վկաներին կա՛մ սպանում են, կա՛մ ընտրում հարմար պահը, որպեսզի ոչ ոք չլինի:

 

«Եթե հանցագործությունը լավ նախապատրաստված է, ապա ընտրում են այն ժամանակը, երբ զոհը մենակ է, այնպես որ, ես երեկվա դեպքը բացառիկ կանվանեի: Ես չեմ հիշում որևիցե պատվերով սպանություն, երբ զոհի կողքին գտնվող վկան կենդանի է մնացել»,- ընդգծել է պատգամավորը:

 

Նրա կարծիքով՝ դա անուղղակիորեն հաստատում է, որ «հենց վկան կարող էր դառնալ սպանության պատճառը»: Այսինքն՝ Կովալյովը չի բացառում, որ հանցագործությունը կարող է կրել կենցաղային, անհատական բնույթ, «թեև, իհարկե, պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ քաղաքական»,- հավելել է նա:

 

Պատասխանելով այն արցին, թե հնարավո՞ր է բացահայտել սպանությունը, ԱԴԾ-ի նախկին ղեկավարն ասել է. «Ընդհանուր առմամբ, պատվերով սպանություններն ամբողջ աշխարհում բացահայտվում են մեծ դժվարությամբ և նրանց մեծ մասը շարունակում է մնալ չբացահայտված»:

 

Նա, սակայն, նշել է, որ «որքան էլ տարօրինակ և պարադոքսալ թվա, Ռուսաստանում նման սպանությունների բացահայտման տոկոսը ամենաբարձրն է, եթե դիտարկենք համաշխարհային վիճակագրությունը»: