Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ վարկածներում շրջանառվում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում որոնման մեջ գտնվող գնդապետ Իսա Սադըգովի անունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա»-ն հայտնել է, որ Նեմցովի մահվան դեպքն ուսումնասիրող հետաքննչական բրիգադը նրա մահվան մեջ չի բացառում ուկրաինական հետքը: Ենթադրվում է, որ Նեմցովի սպանությունը Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով իրագործել է Ջոհար Դուդաեւի անվան չեչենական գումարտակը:
Վարկածներից մեկով Նեմցովի սպանության կազմակերպիչը այդ գումարտակի ներկայիս հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ պատրաստելու մեջ մեղադրվող Ադամ Օսմանեւն ու նրա կինը' Ամինա Օկուեւան են:
Մի այլ վարկածով էլ Նեմցովի սպանության մեջ կարող է դեր ունենալ նաեւ վրեժի գործոնը: 2014 թվականին ստեղծված Ջոհար Դուդաեւի անվան գումարտակի հիմնադիր, Դոնբասում ուկրաինացի զինյալների կողմից կռվող ծագումով չեչեն Իսա Մունաեւը փետրվարի 1-ի մարտերում սպանվել էր, եւ ենթադրվում է, որ չեչեն մարտիկները Ուկրաինայի պատվերը կատարելուն զուգահեռ վրեժ են լուծել իրենց հրամանատարի մահվան համար:
Հետաքրքիր է, որ Մունաեւի ստեղծած եւ ահաբեկիչչների կողմից ֆինանսավորվելու մեջ մեղադրվող «Ազատ Կովկաս» շարժման գումարտակի շտաբի պետը հենց Իսա Սադըգովն է: