Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւը պաշտպանական գերատեսչությունում սկսված ձերբակալությունների պատճառով փախել է երկրից: Ադրբեջանից նրա հեռանալը համընկել է վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի ռազմածովային ուժերի 12 բարձրաստիճան զինծառայողների ձերբակալությունից հետո ռազմածովային ուժերի նախկին հրամանատար փոխծովակալ Շահին Սուլթանովի կալանավորմանը: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ իր աղբյուրների համաձայ, Սաֆար Աբիեւը մեկնել է Եվրոպա:

 

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն ավելի վաղ թերթին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերում ձերբակալությունները շարունակվելու են, եւ շուտով ճաղերի հետեւում կհայտնվեն եւս մի քանի բարձրաստիճան սպաներ: Նրա խոսքով, այդ գործողությունները Սաֆար Աբիեւին եւս պատասխանատվության ենթարկելու ծրագրի մաս են կազմում: Ադրբեջանի ՊՆ նախկին նախարարն իր դեմ գործողությունների եւ գերատեսչությունում սկսված ձերբակալությունների առնչությամբ ակնարկել էր, որ ինքը դարձել է ներիշխանական ինչ-որ խմբավորման թիրախը :

 

Ադրբեջանի ռազմածովային ուժերում բարձրաստիճան զինծառայողների ձերբակալությունները սկսվել են նրանց կողմից թույլ տրված չարաշահումների եւ կոռուպցիոն գործարարքների հայտնաբերումից հետո:

 

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւն արտասահմանից վերադառնալու դեպքում անմիջապես կձերբակալվի: Նշվում է նաեւ, որ նա գտնվում է Չեխիայի Հանրապետությունում: Իսկ որոշ աղբյուրներ էլ նշում են, որ Ադրբեջանի ռազմական դատախազությունը եւ ՊՆ ներքին հետաքննությունների վարչությունը զեկույց են պատրաստում նախկին նախարարի այդ պաշտոնում 19-ամյա գործունեության վերաբերյալ: