Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըգովի միջև հակասությունները հասել են գագաթնակետին: Զաքիր Հասանովն Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է musavat.com-ը' հղում կատարելով սեփական աղբյուրներին:

 

Ըստ կայքի` Ադրբեջանի ներքին զորքերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի' երկրի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո բանակում մի շարք բարեփոխումներ, այդ թվում' կադրային փոփոխություններ է կատարել: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ բանակի ստորաբաժանումներ Հասանովի այցերն ադրբեջանական հասարակության մեջ այնպիսի կարծիք էին ստեղծել, որ «վերջապես, վերջ է դրվել Ադրբեջանի բանակում երկար տարիներ շարունակվող պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ դիմակայությանը»:

 

Սակայն վերջին ժամանակներում տարածված տեղեկություններից երևում է, որ նոր նախարարի հետ Սադըգովի միջև բարեկամությունը երկար չի տևել: Ադրբեջանի ՊՆ մեջ ավանդույթ դարձած խնդիրը նորից գլուխ է բարձրացրել: Դրա պատճառը Զաքիր Հասանովի կողմից նոր կադրային նշանակումներն ու բարեփոխումների մյուս ձեռնարկումներն են, որոնք կատարվել են Նաջմեդդին Սադըգովի պահանջով:

 

Կայքի խմբագրությանը հասած տեղեկություններով, Թուրքիայի բանակի ղեկավարությանն իր մոտ հարաբերություններով հայտնի Զաքիր Հասանովն աշխատում է ՊՆ կառույցներում կարևոր պաշտոններում տեղավորել եղբայրական երկրում ռազմական կրթություն ստացած և ՆԱՏՕ-ի համակարգն իմացող երիտասարդ սպաների: Սակայն նախարարի այդ ծրագրի իրագործմանը խոչընդոտում են Նաջմեդդին Սադըգովն ու ռուսամետ գեներալները:

 

Վերջերս տարածված լուրերում նշվել էր, որ ՊՆ համակարգում ռուսամետ բարձրաստիճան զինվորականների շարքերն այնքան են ընդարձակվել և նրանց ազդեցության հնարավորություններն այն աստիճանի են աճել, որ ներքին զորքերից նախարարություն եկած գեներալ Զաքիր Հասանովի կամքից դուրս գործընթացներ են կյանքի կոչվում: Իսկ նախարարը դժվարություններ է ունենում Ադրբեջանի բանակում առկա խնդիրներին վերջ դնելու, բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող մակարդակի բարձրացնելու համար նախատեսած անհրաժեշտ ծրագրերն իրականացնելու մեջ: Նրա այդ ծրագրեր ը հանդիպում են լուրջ խոչընդոտների:

 

Կայքին հասած տեղեկություններով, Զաքիր Հասանովը նորմալ բարեփոխումներ անցկացնելու գործում լուրջ խոչընդոտներ ստեղծվելու, մի շարք դեպքերում սաբոտաժի հանդիպելու մասին անձամբ դիմում է ներկայացրել Իլհամ Ալիևին: Աղբյուրի խոսքով, նամակում Հասանովը Ալիևին հայտնել է, որ եթե այդ վիճակը շարունակվի և իրեն խոչընդոտող ուժերը «չվնասազերծվեն», ապա ինքը գտնում է, որ նախարարի պաշտոնում իր մնալն անիմաստ է, և խնդրել ընդունել իր հրաժարականը:

 

Կայքը գրում է նաև, որ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ էին թափանցել այն մասին, որ Նաջմեդդին Սադըգովը շուտով ազատվելու է զբաղեցրած պաշտոնից, ինչը պատահական չէր, քանի ադ լուրերը ի հայտ են եկել Հասանովի նամակից անմիջապես հետո, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ նախարարը ստացել է նախագահի աջակցությունը:

 

Musavat.com-ի այդ հրապարակումից հետո Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը շտապ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նման լուրերի տարածումը նպատակ է հետախնդում ապատեղեկացնել հանրությանը և նեգատիվ պատկերացում ձևավորել Ադրբեջանի զինված ուժերի մասին»: