Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է ծայրահեղական ահաբեկիչների հանցագործությունները, որոնք իրականացվում են Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների հանդեպ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա այդ երկրներում տեղի ունեցող դեպքերը որակել է սարսափելի դաժան հանցագործություններ:

 

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում համախմբված հավատացյալներին Հռոմի Պապը դիմել է հետևյալ խոսքով. «Սիրելի եղբայրներ և քույրեր, Սիրիայից և Իրաքից հասած ողբերգական լուրերը չեն դադարում՝ բռնություններ, առևանգումներ, քրիստոնյաների և այլ խմբերի դեմ վայրագություն: Այս դաժան կացության մեջ ապրողներին պետք է վստահեցնենք, որ իրենց չենք մոռացել և աղոթք ենք բարձրացնում, որպեսզի հնարավորինս արագ վերջ տրվի այս անհանդուրժելի բարբարոսությանը»:

 

Փետրվարի 23-ին «Իսլամական պետությունը» հարձակվել էր Սիրիայի Հասաքե մարզի արևմուտքում գտնվող ասորական գյուղերի վրա, այրել եկեղեցիներ, տներ, սպանել բնակիչների: Հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

 

ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց հանցագործությունները շարունակում են Իրաքում: Նրանք հարձակվել են իրաքյան Մոսուլ քաղաքի թանգարանի վրա և ավերել այն:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: