Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկման պատիժ է կրում Թուրքիայի Իմրալի կղզու բանտում, կարող է ազատ արձակվել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) նախկին փոխնախագահ Միրմեհմեթ Դենգիր Ֆըռաթը:

 

Նրա խոսքով' ներկայում ոչ մի անհրաժեշտություն չկա Օջալանին պահելու անազատության մեջ, քանի որ նա հանդես է գալիս բռնության եւ ահաբեկչության դեմ:

 

«Օջալանն այժմ հանդես է գալիս բոլոր տեսակի բռնությունների դեմ, եւ նա PKK-ի մարտիկներին կոչ է արել վայր դնել զենքը», -նշել է Ֆըռաթը, ով, ի դեպ, AKP-ի հիմնադիրներից է:

 

Օջալանն օրերս PKK-ին կոչ էր արել վերջ դնել քրդական ինքնավարության համար զինված պայքարին եւ բռնել քաղաքական պայքարի ուղին: Թուրքական ԶԼՄ-ները դա համարում են Օջալանի հետ վերջին երկու տարիներին անցկացված ինտենսիվ բանակցություների արդյունք:

 

PKK-ի առաջնորդին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ բանտարկության էր ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:

 

1980-ականներից PKK-ի սկսած զինված պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 40 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: