Այսօր, «Սասնա Ծռերի» գործով դատավարության ժամանակ, Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, քանի որ նրա առողջության պայմաններում հնարավոր չէ մնալ կալանքի տակ:
Գործով ներգրավված դատախազն առարկել է խափանման միջոցը վերացնելը, սակայն նշել է, որ կարելի է քննարկել գրավի դիմաց ազատ արձակելու հարցը՝ համարելով, որ գրավի կիրառումը կարող է զսպող գործոն հանդիսանալ:
Ի պատասխան դատախազի հնչեցրած դիրքորոշման՝ պաշտպանը նկատել է, որ իրենք համաձայան չեն գրավի դիմաց ազատ տեսնել Եղնուկյանին, հիշեցնելով, որ նախկինում այդ հարցը բաձրացրել են, բայց մերժվել: Իսկ եթե հիմա դատարանը գրավի դիմաց ազատությունը հնարավոր համարի՝ իրենք կբողոքեն:
Դատարանը գնացել է խորհրդակցության սենյակ: Միջնորդության մասին որոշումը կհրապարակվի ժամը 15:30-ին:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում էր «Սասնա Ծռերին» աջակցելու համար: Մասնավորապես, մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: