«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարներն առաջընթաց են արձանագրել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ելիսեյան պալատը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՌուսաստանÕ « նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները:
«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարներն առաջընթաց են արձանագրել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում, սակայն ընդսմին նրանք ընդգծել են իրադրությունը բարելավելու անհրաժեշտությունը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Չորս պետությունների ղեկավարները «պայմանավորվել են դիմել ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով ավելի ակտիվ դեր խաղալ այն առումով, որ ապահովվի հրադադարի եւ ծանր սպառազինությունների հետքաշման ավելի խիստ վերահսկումը»: Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան խնդրում են կազմակերպությանը՝ «ամեն օր տեղեկացնել պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին»:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարկավոր է նաեւ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ օժանդակել ռազմագերիների ազատմանը եւ հումանիտար օգնություն տրամադրելուն»: «Նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն մարտի 6-ին՝ քննարկելու Մինսկի համաձայնությունների կատարումը:
«Քառյակի» ղեկավարները նաեւ ակնկալում են, որ շփման խումբը «կստեղծի պայմանավորվածությամբ նախատեսված աշխատանքային խմբեր՝ հենց որ դա թույլ տա հրադադարի պահպանման հետ կապված իրադրությունը»:
Ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պաշտպանել են հրադադարի ռեժիմի խախտման բոլոր կետերում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղաբաշխման նախաձեռնությունը: Այդ մասին հայտնել են ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:
«Զրուցակիցները պաշտպանեցին հրադադարի ռեժիմի խախտման բոլոր կետերում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղաբաշխման Ուկրաինայի առաջարկը… ներառյալ 10 բնակավայր՝ Սչաստյեն, Պոպասնայան, Ստանիցան, Լուգանսկայան, Կրիմսկոյեն, Ավդեեւկան, Վոլնովախան, Գրանիտնոյեն, Շիրոկինոն, Դոնեցկի օդանավակայանի շրջանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, կողմերն ընդգծել են ԵԱՀԿ-ի տեսուչների անվտանգության եւ աշխատանքի պատշաճ ռեժիմի ապահովման, ներառյալ հետքաշված տեխնիկայի տեղաբաշխման վայրերում անարգել ստուգումների անհրաժեշտությունը:
Բացի այդ, ղեկավարների զրույցի ընթացքում արծարծվել է Դոնբասի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու հարցը եւ «էներգետիկական հարցեր»: