Հայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 5-ի նիստի օրակարգում:

 

 

Ծրագրով կիրականացվեն միջոցառումներ' ուղղված պետական ուղղակի աջակցության մեխանիզմների (գործիքների) միջոցով երկրում ՓՄՁ-ի զարգացման խթանմանը, ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնա­կավայրերի տնտեսական զարգացմանը, ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելուն և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովմանը:

 

 

Գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների համար կընդլայնվեն ֆինանսական և ներդրումային հնարավորությունները' նախապատվություն տալով ՀՀ մարզերին' հաշվի առնելով ՀՀ տարածքային զարգացման առանձնա­հատկությունները: Բացի այդ, ծրագրով կապահովվի ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա մեխանիզմների (գործիքների) (ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական և այլն) կիրառման շարունակա­կանությունը, վարկային երաշխավորությունների տրամադրումը: Սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակ­ցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 5 մլն դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով:

 

 

Կներդրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության նոր մեխանիզմներ (գործիքներ), մասնա­վորապես, աջակցություն կցուցաբերվի տեղական տնտեսական զարգացմանն ու ոլորտային բիզնեսներին: Ընդհանուր առմամբ, 2015 թ. սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում գործարար ուսուցողական դասընթացներին կմասնակցեն 200-250 սկսնակ գործարարներ:

 

 

Աջակցություն կցուցաբերվի նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին՟ գործող միջազգային կառույցներին ու ցանցերին ինտեգրվելու նպատակով, կխրախուսվի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ռեսուրսախնայողական և մաքուր արտադրության սկզբունքների կիրառումը: Կիրականացվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված միջոցառումներ:

 

 

Ընդհանուր առմամբ 2015 թվականին կիրականացվի տեղական տնտե­սական զարգացման 10 ծրագիր՝ ներառելով 30-40 համայնքներ, կբացահայտվեն առնվազը 150 տնտեսական նախաձեռնություններ:

 

 

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին կմշակ­վեն մինչև 3 ոլորտի վերաբերյալ օրինակելի գործարար մոդելներ, համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն 10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ' ժամանակակից սարքավորումների (միջոցների) տեսքով, ինչպես նաև կցուցաբերվի շարունակական աջակցություն գործող բիզնես­ներին:

 

 

Ծրագրի արդյունքում ակնկալվում է երկրի համախառն ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության շրջանակերի ընդլայնում և նրանց մրցունակության բարձրացում: