ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեին' հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Շարպանտյեն ասել է, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին ու հատուկ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար:

 

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

 

Անդրանդառնալով հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին' Էդվարդ Նալբադյանը, ասաց, որ Հայաստանը շնորհակալ է գագաթաժողով կազմակերպելու Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնության համար և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը: