Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ քաղավիացիայի զարգացման նպատակով նախարարին կից ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, շաբաթներ առաջ քաղավիացիայի խնդիրների շուրջ կայացած քննարկման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն առաջարկել էր ձևավորել աշխատանքային խումբ, որում կարող են ընդգրկվել Հայաստանում քաղավիացիայի զարգացմամբ շահագրգիռ բոլոր անձինք։ Խորհուրդը կզբաղվի քաղավիացիայի խնդիրների վերհանմամբ, դրանց քննարկմամբ, որի արդյունքում առաջարկություններ կներկայացնի միասնական որոշում կայացնելու համար:
Աշխատանքային խմբում ընդգրկվել են քաղավիացիայի համակարգի փորձառու վետերաններ, ավիացիայի ոլորտի հետ առնչվող մասնագետներ, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, ում համար կարևոր է հայկական ավիացիայի զարգացումը։
Առաջին նիստում, որը վարում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, քննարկվեցին աշխատանքային խմբի հետագա գործունեությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր։
Սկզբունքային առաջարկներ եղան քաղավիացիայի զարգացման հայեցակարգ մշակելու մոտեցումների, գործընթացի առաջնահերթությունների վերաբերյալ։
Աշխատանքային խմբի անդամներն ընդգծեցին, որ պատրաստակամ են անշահախնդիր համագործակցել և իրենց գիտելիքները ներդնել հայկական ավիացիայի զարգացման գործում։