Երեւանում այսօր' փետրվարի 17-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների եւ կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ:
Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսեւորումների վրա եւ տվել կոնկրետ հրահանգներ:
Նիստի ընթացքում քննարկվել են օպերատիվ շտաբի կազմում ձեւավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը եւ մի շարք այլ հարցեր:
Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքը եւ առաջիկա անելիքները:
Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: