ՀՀ Արարատի մարզի Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ2, Ազատավան-Բերքանուշ ավտոճանապարհը «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և դարձել է առավել բարեկարգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածի երկարությունը 3.5 կմ է, որից 2014 թվականին հիմնանորոգվել է 1.468 կմ-ն:

 

Նախկինում ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը վատ վիճակում էր: Լայնական, երկայնական և ցանցավոր ճաքերի, ինչպես նաև քանդված եզրաքարարերի պատճառով ճանապարհահատվածը բազմաթիվ դժվարություններ էր առաջացնում բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Տեր Հայրապետյան շին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, ինչպես նաև բազալտե եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:

 

Հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 104. 996. 884 ՀՀ դրամ: Ճանապարհահատվածի մնացած հատվածը' 2.032 կմ-ը, նախատեսվում է հիմնանորոգել 2015 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացված 157 մլն դրամի շրջանակներում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման: