Հայաստանի կառավարությունը հաստատեց «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ծրագիրը նախատեսում է շարունակել ՓՄՁ ենթակառուցվածքների պահպանումն ու ամրապնդումը, ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ծրագրերի իրականացումը, որոնց նպատակով կհատկացվի 152 մլն դրամ:

 

Նրա խոսքով՝ ծրագրով կիրականացվեն միջոցառումներ' ուղղված պետական ուղղակի աջակցության մեխանիզմների (գործիքների) միջոցով երկրում ՓՄՁ-ների զարգացման խթանմանը, ՓՄՁ-ների զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնա­կավայրերի տնտեսական զարգացմանը, ՓՄՁ-ների զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանացմանը նպաստելուն և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովմանը:

 

«Գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ների սուբյեկտների համար կընդլայնվեն ֆինանսական և ներդրումային հնարավորությունները' նախապատվություն տալով ՀՀ մարզերին' հաշվի առնելով ՀՀ տարածքային զարգացման առանձնա­հատկությունները: Բացի այդ, ծրագրով կապահովվի ՓՄՁ-ների սուբյեկտներին պետական աջակցության առկա մեխանիզմների (գործիքների) (ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական և այլն) կիրառման շարունակա­կանությունը, վարկային երաշխավորությունների տրամադրումը:

 

Սկսնակ գործարարներին տրամադրվո ղ ֆինանսական աջակ­ցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 5 մլն դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով»,-ասաց Ճշմարիտյանը: Կներդրվեն ՓՄՁ-ների սուբյեկտներին պետական աջակցության նոր մեխանիզմներ (գործիքներ), մասնա­վորապես, աջակցություն կցուցաբերվի տեղական տնտեսական զարգացմանն ու ոլորտային բիզնեսներին: Ընդհանուր առմամբ, 2015 թ. սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում գործարար ուսուցողական դասընթացներին կմասնակցեն 200-250 սկսնակ գործարարն եր:

 

ՓՄՁ-ներին վարկավորում կիրականացվի նաև ՓՄՁ ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից՝ 12 տոկոս տոկոսադրույքով: Եթե ՓՄՁ-ների գործունեությունը կուղղվի արտահանման կամ անվտանգության խնդիրների լուծմանը, ապա տոկոսադրույքը կնվազեցվի երեք կետով:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ տոկոսադրույքի չափը լավ է, և պետք է ամեն ինչ անել ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:

 

Աջակցություն կցուցաբերվի նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների սուբյեկտներին՟ գործող միջազգային կառույցներին ու ցանցերին ինտեգրվելու նպատակով, կխրախուսվի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից ռեսուրսախնայողական և մաքուր արտադրության սկզբունքների կիրառումը: Կիրականացվեն ՓՄՁ-ների սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացմանն ուղղված միջոցառումներ:

 

Ընդհանուր առմամբ 2015 թվականին կիրականացվի տեղական տնտե­սական զարգացման 10 ծրագիր՝ ներառելով 30-40 համայնքներ, կբացահայտվեն առնվազը 150 տնտեսական նախաձեռնություններ:

 

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին կմշակ­վեն մինչև 3 ոլորտի վերաբերյալ օրինակելի գործարար մոդելներ, համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն 10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ' ժամանակակից սարքավորումների (միջոցների) տեսքով, ինչպես նաև կցուցաբերվի շարունակական աջակցություն գործող բիզնես­ներին:

 

Ծրագրի արդյունքում ակնկալվում է երկրի համախառն ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնում և նրանց մրցունակության բարձրացում: