Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հետ:
Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության զարգացմանը։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ այս ոլորտում կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր, որոնք շոշափելիորեն նպաստել են բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մակարդակի բարձրացմանը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: