Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մասնակցել է Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը: Իր խոսքում Սահակյանը բարեկամության հռչակագրի ստորագրումը որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից, ինչն առաջին հերթին բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման եւ զարգացման կարեւոր հիմքերից է: Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա՝ անչափ ծանր են տարել հարևան երկրում: Գործը հասել է նրան, որ հզոր Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություններ ստանալու նպատակով գերատեսչություն է հրավիրել Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աուրելիա Բուշեզին: Դժվար չէ պատկերացնել, որ դեսպան Բուշեզի բացատրությունները, եթե այդպիսիք ընդհանրապես լինեն՝ Բաքվի սրտով չեն լինելու: Ֆրանսիան և Արցախը համագործակցում են բազմաթիվ ձևաչափերով և ուղղություններով, և այդ համագործակցությունը պայմանավորված չէ Բաքվի քմահաճույքներով: Կարելի է անգամ պնդել, որ այսօր միջազգայնորեն չճանաչված Արցախի հետ Փարիզի հարաբերությունները շատ ավելի խորն են և բազմակողմանի, քան Բաքվի:

Օրերս ֆրանսիական դատարանը հրաժարվել է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայցն ընդդեմ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լյուշեի և Լորան Ռիշարի, որոնք Ադրբեջանը բռնապետություն են անվանել: Լյուշեն 2015-ի սեպտեմբերին France 2-ում իր վերլուծական ծրագրում հայտարարել էր, որ «Ադրբեջանում իշխում է աշխարհի ամենադաժան բռնապետներից մեկը», իսկ Ռիշարը France Info ռադիոյին տված հարցազրույցում Ադրբեջանը բռնապետություն էր անվանել: Տպավորություն է, որ Ֆրանսիայի իշխանությունների տեսակատը Բաքվի ռեժիմի վերաբերյալ այնքան էլ չի տարբերվում Լյուշեի և Ռիշարի հնչեցրած գնահատականներից: Փարիզն այսօր նախընտրում է հարաբերությունները խորացնել՝ գուցե և չճանաչված, սակայն Ադրբեջանից շատ ավելի ժողովրդավարական Արցախի Հանրապետության հետ: Միգուցե ավելի ժողովրդավարական, քան շատ և շատ ժողովրդավարության դրոշակը ծածանող պետություններ: Ի տարբերություն սուլթանական Ադրբեջանի՝ որտեղ պատահմամբ Ադրբեջանում հայտնված հայ գյուղացուն ծեծելով սպանում են, Արցախը դատական վճռով դատապարտում է ադրբեջանցի դիվերսանտներին: Ադրբեջանն այս ընթացքում ինքն իրեն այն աստիճան է վարկաբեկել և հեղինակազրկել, որ տարբերություններն ակնհայտ են անգամ աչք փակելու սովորություն ունեցող միջազգային հանրության համար: Այն հիստերիան, որն առաջացրել է Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա և այնտեղ նրան ցուցաբերված ջերմ ընդունելությունը փաստում են, որ Բաքուն անվերադարձ կորցրել է դիրքերը: Եթե անգամ գործի դնեն սպառնալիքը՝ հայտարարելով, որ դուրս կգան Եվրոպայի Խորհրդից, կասկած անգամ չկա, որ առանց Ադրբեջանի՝ այս կառույցը շատ ավելի հեղինակավոր կլինի: Կորցնողը Բաքուն է:

 

Ստելլա Խաչատրյան