«Իսլամական պետության» ահաբեկիչները Սիրիայի Ռակկա քաղաքում բարձրահարկ շենքից նետել են մի երիտասարդի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ահաբեկիչները երիտասարդին մեղադրել են միասեռականության մեջ և որոշել նրան պատժել իրենց օրենքների համաձայն: Համացանցում տարածվել են շենքից երիտասարդին նետելու լուսանկարները: Լուսանկարներում երևում են, որ երիտասարդի աչքերը և ձեռքերը կապված են: Նրան պահում են դիմակավոր 2 ահաբեկիչ, իսկ մոտակայքում կանգնած մեկ այլ ահաբեկիչ լուսանկարում է: Շինության բակում մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու հանցագործությանը:

 

Ավելի վաղ ԻՊ-ի ահաբեկիչները համացանցում տարածել էին Ռակկա քաղաքում գողության մեջ մեղադրվող երիտասարդի ձեռքը կտրելու տեսանյութն ու լուսանկարները:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլ ամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ.-ի հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: