
Աշխատանքային այցելությամբ Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մարտի 5-ին նախագահական նստավայրում ընդունել է Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Իսրայելի նախագահը, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին և կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։
Հանդիպմանը քննարկվել է հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։