Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում մարտի 6-ին կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել է 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամ յակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները:

 

 

Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության և Արդարադատության նախարարության աշխատակազմերից: Հանձնաժողովը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

 

 

Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները' հանձնաժողովը որոշել է միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին' ոստիկանության 25 ծառայողների, ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի, ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն' ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը' խիստ նկատողության, իսկ 6-ը' նկատողության: