Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Տավուշի մարզում, ավտովթարի հետևանքով վիրավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության երեք ծառայող։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Հովհաննիսյանը։
Երեկոյան ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվելով քարերին՝ հայտնվել Աղստև գետում։
Վարորդն ու երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Այստեղից մեզ փոխանցեցին, որ վիրավորները տեղափոխվել են ՊՆ ռազմական ոստիկանության հոսպիտալ։
Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով վիրավորված ուղևորներից 23-ամյա Արայիկ Դավթյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ է, իսկ 26-ամյա Կարեն Թանանյանը՝ Իջևան քաղաքից։
Սոնա Հարությունյան