Գեղարքունիքի մարզում մարտի 5-ին տեղացած ձյունը անչափ պահանջված ու նպաստավոր է աշնանացան ցորենի ցանքերի պահպանման ու հետագա աճի ապահովման համար:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, սակավաձյուն ձմռան պայմանն երում պահպանվում էր աշնանացան ցորենի ցանքերի եւ գարնանային ցրտահարման վտանգը, մանավանդ որ փետրվարին գրանցվում էր մինչեւ 5-8 աստիճան տաքություն՝ հալեցնելով ձյան բարակ շերտը, իսկ գիշերները՝ նաեւ -8-ից ավելի աստիճան սառնամանիք էր լինում:

 

 

«Տեղացած ձյունը, որը Վարդենիսի տարածաշրջանում նստել է մոտ 20 սանտիմետր շերտով, պաշտպանելու է ցորենի ցանքերը վերահաս գիշերային սառնամանիքներից: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ աշնանացանը լավ է պահպանվել, իսկ այս ձնից հետո այն ձմեռացումը կավարտի միանգամայն անվնաս, նպաստավոր պայմաններում կշարունակի իր հետագա աճն ու զարգացումը»,- կարծում է վարչության պետը: Աշնանացան ցորենի ցանքերը Գեղարքունիքի մարզում զբաղեցնում են մոտ 20 հազար հեկտար տարածք, որոնց հիմնական մասը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում՝ Մասրիկի հարթավայրում:

 

 

Խոսրով Խլղաթյան