Գյումրիի Տերյան փողոցում մարտի 7-ին' ժամը 23:30-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով Գյումրու «Բժշկական կենտրոն» տեղափոխված վիրավորներից 3-ը շարունակում են բուժօգնություն ստանալ կենտրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, նրանց վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Գյումրու բժշկական կենտրոն դեպքի հետևանքով ընդունվել էր 6 քաղաքացի:
Նրանցից 2-ը հրազենային վնասվածքով (մեկը գլխի, մյուսը ուսի), մեկը' բութ գործիքով հարվածի՝ գլխի բազմաբեկորային վնասվածքով, իսկ մյուս երեքը կտրող-ծակող գործիքի վնասվածքով: Նրանցից ավելի ծանր վիճակում գտնվող երեքը՝ հիմնականում հրազենային վնասվածքներով, Գագիկ Ղազարյան՝ 1985 թվականին ծնված, Կնյազ Ղազարյան՝ 1979թ. և Գագիկ Ղուկասյան՝ 1958 թվականին ծնված' տեղափոխվել են Երևան: Գյումրիում մնում են դանակահարված քաղաքացիները' Վլադիմիր Ալբերտի Հակոբյանը, Համլետ Վարդգեսի Գևորգյանը և Գագիկ Յուրայի Ջանոյանը: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Նրանք կշարունակեն մնալ կենտրոնում, բժշկական հսկողության տակ»,-նշեց Արմեն Իսահակյանը:
Տեղի ունեցած կրակոցների հետևանքով 23:30-00:05 -ի սահմաններում «Գյումրու բժշկական կենտրոն» շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել էր 3 քաղաքացի, ևս 3-ը կենտրոն եկել էին ինքնուրույն: